«Իրատես». Սոցհարցումը տխուր պատկեր է բացահայտել. ՀՀԿ-ն իրեն փրկելու ծրագրեր պիտի մշակի
POLITICS«Իրատես» թերթը գրում է. «Նախընտրական շրջանում իշխանության սոցհարցումների «թվանկարչությունը» դեռ կտեսնենք. բոլորի համար անակնկալ կերպով կբացահայտվի, որ մեր երկրում ամենաբարձր վարկանիշը ՀՀԿ-ինն է։
Մեզ հայտնի դարձավ, որ օրերս ոչիշխանական բեւեռից սոցհարցում է պատվիրվել, ու բավականին տխուր պատկեր է բացահայտվել իշխանության համար։ Առայժմ արդյունքներն ամփոփվում են, ու հնարավոր է նաեւ, որ պատվիրատուն չցանկանա հանրությանը ներկայացնել դրանք։ Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այդ հարցումներից։ Ինչպես եւ սպասվում էր, իշխանության վարկանիշը բավականին ցածր է, եւ ՀՀԿ-ն իրեն փրկելու ծրագրեր պետք է մշակի։ Նույն հարցումների համաձայն, առաջին քայլը, կարծես, գտել է իշխող ուժը։ Հանրային բավականին մեծ ակնկալիքներ կան նոր վարչապետից. նրա վարկանիշը բավականին բարձր է, ուստի շատ արագ պետք է ՀՀԿ-ացնել Կարեն Կարապետյանին եւ այդ «կապիտալը» տանել կուսակցություն։ Մեկ այլ ցնցող պատկեր էլ երկրում աղքատության մակարդակն է արձանագրել, ինչը «կիլոմետրերով» հեռու է պաշտոնական տվյալներից։
Ըստ սոցհարցումների, հանրությանը ծանոթ բոլոր կուսակցությունները վարկանիշի խնդիր ունեն, չկա մեկը, որ առանձնանա։ Հետաքրքիր վիճակ է ստեղծվում, եւ չնայած նոր Սահմանադրությամբ անցնում ենք խորհրդարանական կառավարման մոդելին, ու առաջիկա ընտրությունները կուսակցությունների միջեւ են լինելու, բայց հանրությունը, միեւնույն է, ընտրում է անձերին։ Սոցհարցումները պարզել են, որ քաղաքացիները կուսակցություններից առանձնացնում են քաղաքական գործիչներին եւ նրանց հանդեպ քիչ թե շատ վստահություն ցուցաբերում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



