Հայաստանը բանակցելու է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու շուրջ
POLITICSՀայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական Միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: «Այս մասին հղում էր պարունակում Արևելյան գործընկերության՝ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած անդամ պետությունների նախագահների գագաթնաժողովի համատեղ հռչակագրում: Անցած տար ի Հայաստան էր ժամանել Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության առաքելությունը: Այդ առաքելության կողմից պատրաստված զեկույցի հիման վրա որոշում էր ընդունվել Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մասին մանդատը ներկայացնել Եվրոպայի խորհրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նազարյանը:
Նա հավելեց, որ ԵՄ անդամ տարբեր պետությունների հետ տարված աշխատանքների արդյունքում հնարավորություն կա հայտարարել, որ մինչև տարվա վերջ Հայաստանը կկարողանա ստանալ մանդատը ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու համար:
Փոխնախարարը հայտնեց, որ պայմանագրին Հայաստանի միանալը հնարավորություն կտա մտնել 36 երկրների ավիացիոն շուկա և Հայաստան բերել եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու անվտանգության և սպասարկման ստանդարտները, ինչն էլ իր հերթին կնպաստի բիզնեսի և ներդրումների զարգացմանը:



