ԿԳՆ-ն եւ ԱՆ-ն պարզաբանում են դպրոցական արձակուրդը երկարաձգելու մասին տարածված լուրերը
SOCIETYԱյս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է, եւ դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից:
Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա` նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել: Հայտնի է, որ դպրոցներում արձակուրդը երկարաձգելու նախաձեռնողը լինում է առողջապահության գերատեսչությունը, այն դեպքերում, երբ, ասենք, առկա է այս կամ այն վարակի լայն տարածման վտանգ կամ համաճարակ է:
Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այստեղ նաեւ չեն պատրաստվում դիմել կրթութան եւ գիտության նախարարություն` արձակուրդը երկարաձգելու հարցով, քանի որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Այնպես որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, դասապրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 7-ից:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը սկսվել էր հոկտեմբերի 24-ից, երկրորդ եւ ավելի բարձր դասարաններում սովորողներինը` հոկտեմբերի 31-ից:



