Իտալիայում եւս 500 զինվորականների կուղարկեն երկրաշարժից տուժած շրջաններ
INTERNATIONAL NEWSԻտալիայի պաշտպանության նախարարությունը պատրաստ Է լրացուցիչ 500 զինծառայողների ուղարկել երկրի կենտրոնական շրջաններ, որոնք տուժել են հոկտեմբերի 26-ին եւ 30-ին տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պատրաստ ենք ի լրումն 1237 զինծառայողների, որոնք արդեն գտնվում են տուժած շրջաններում, եւս 500 մարդ ուղարկել երկրաշարժի գոտու հսկման եւ կողոպուտների կանխման համար»,-ասել Է պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին Il Messaggero թերթին տված հարցազրույցում:
Նախարարը պարզաբանել Է, որ տարերային աղետից տուժած շրջաններում, ի թիվս այլ խնդիրների, հասարակական կարգի պահպանման խնդիր կա: «Ցավոք, կան հանցագործներ, որոնք մտածում են այս ողբերգությունից շահույթ ստանալու մասին: Ուստի կարեւոր Է հսկողություն սահմանել ավերված տների նկատմամբ»,-հավելել Է նա:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին խոստացել Է, որ երկրի իշանությունները լիովին կվերականգնեն երկրի կենտրոնական մասի այն բնակավայրերը, որոնք տուժել են հզոր երկրաշարժից: «Ես այստեղ եմ՝ ասելու, որ աշխատանքը տեւական Է լինելու, բայց աստիճանաբար մենք ամեն ինչ կվերականգնենք»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով Պրեչի բնակավայրի բնակիչների առջեւ, որը գրեթե ամբողջովին ավերվել Է:
Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժից առավել տուժել են Մարկե եւ Ումբրիա մարզերը, Էպիկենտրոնը գտնվում Էր 5 հազար բնակիչ ունեցող Նորչա փոքր քաղաքի շրջանում: Երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ Է ստացել շուրջ երկու տասնյակ մարդ, զոհվածներ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



