Գեղարքունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան
SOCIETYԳեղարքունիքի մարզի տարածքով մեկ ձյան տեղումները շարունակվել են նաեւ նոյեմբերի 1-ի երեկոյան ու նոյեմբերի 2-ի գիշերվա ընթացքում, ինչի պատճառով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումների ողջ ընթացքում ճանապարհաշինարարները կատարել են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ, ինչի արդյունքում հիմնականում հաջողվել է ապահովել ճանապարհների անցանելիությունը: 2016 թվականի նոյեմբերի 2-ի կեսօրվա դրությամբ դժվարանցանելի են մնում Վարդենյաց լեռնանցքը, Ծովակ-Ախպրաձոր, Գավառ-Գեղարքունիք, Գավառ-Ծաղկաշեն միջհաայնքային ճանապարհները, որոնց անցանելիության ապահովման համար տարվում են համապատասխան աշխատանքներ:
«Ձյան շերտը որոշ տեղերում հասել է մինչեւ 50 սանտիմետրի, Վարդենիսի բարձրլեռնային գյուղերում դեռեւս ձյան տեղումները շարունակվում են: Բարեբախտաբար, ճանապարհներին դեռեւս մերկասառույց չի գոյացել: Բոլոր ուղղություններում ճանապարհների մշակման ու մաքրման աշխատանքները շարունակվում են: Կարծում եմ, որ մինչեւ երեկոյան ճանապարհների անցանելիությունը կհաջողվի լիարժեքորեն ապահովել»,- ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Ըստ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության կողմից տրամադրված տվյալների՝ մարզի փրկարարները երեկվա ընթացքում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա:



