Գեղարքունիքի մարզում ընթանում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ
SOCIETYԳեղարքունիքի մարզի տարածքով մեկ նոյեմբերի 1-ի գիշերվանից մինչ ցերեկվա ժամը 16-ը շարունակում է առատ ու թաց ձյուն տեղալ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հայկ Աբրահամյանը, Գավառի, Մարտունու եւ Վարդենիսի տարածքներում ձյան շերտն արդեն հասնում է մոտ 20, Ճամբարակում՝ մինչեւ 30 սանտիմետրի, ինչի արդյունքում արդեն դժվարանցանելի են դառնում բոլոր ճանապարհները:
«Առավոտվանից սկսած՝ ճանապարհաշինարարները բոլոր ուղղություններում իրականացնում են ճանապարհների մշակման եւ մաքրման աշխատանքներ: Մեքենաների խցանումներ ունենք Դիլիջան-Սեւան թունելային ավտոճանապարհին, բայց՝ Դիլիջանի կողմից: Դժվարանցանելի վիճակ ստեղծվել է Վարդենյաց լեռնանցքում, որտեղ կրկին տարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:Մեքենաների արգելափակումների կամ խցանումների մասին առայժմ ահազանգեր չունենք»,-ներկայացրեց Հայկ Աբրահամյանը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են հոկտեմբերի 31 -ին Սեւանա լճում անհետացած երկու ձկնորսների որոնումները, քանի որ լճի վրա առկա է թույլ տեսանելիություն եւ ուժեղ ալեկոծում:



