Արմեն Գևորգյանը չի բացառում ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից բյուջետային ծախսերի նոր խնայողությունները
SOCIETYՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը չի բացառում, որ Նախագահի աշխատակազմում կարող են բյուջեի ծախսերի նոր խնայողություններ լինել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ընդգծեց՝ եթե այս տարվա կամ մյուս տարվա ընթացքում ՀՀ նախագահը կամ աշխատակազմը տեսնեն, որ ինչ-որ տեղ խնայողություն անելու կամ ավելի ռացիոնալ մոտեցում ցուցաբերելու կարիք կա, որևէ մեկը իրենց չի խանգարի իրականացնել ադ աշխատանքը:
«Դուք տեսաք, որ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի լուծարումը, արված բարեփոխումը տեղի ունեցավ տարվա կեսին: Հիմա, եթե մենք այս տարվա կամ մյուս տարվա ընթացքում տեսնենք, որ խնայողությունների տեղ կա, որևէ մեկը մեզ չի խանգարի իրականացնել դա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Հարցին, թե արդյոք չպե՞տք է ավելի նվազ լինեին Նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները՝ հաշվի առնելով, որ նախագահի ինստիտուտը ընտրություններից հետո առաջնային չի լինելու, Արմեն Գևորգյանը խորհուրդ տվեց համակերպվել այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը այսօրվա Սահմանադրության լիազորություններով լիարժեք աշխատելու է մինչև 2018թ. ապրիլը:
Հայաստանի 2017 թ. պետական բյուջեով նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացնել 4 միլիարդ 522 միլիոն դրամ։ 2016 թ. Նախագահի աշխատակազմին և ազգային անվտանգության խորհրդին հատկացված 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց այս տարի ներկայացված գումարը նվազել է 504 միլիոն դրամով: Այդ նվազումը պայմանավորված է նրանով, որ Նախագահի հրամանով լուծարվել է ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը և այն դարձել է Նախագահի աշխատակազմի ստորաբաժանում:



