Հակառակորդի կրակոցներից Չինարիի բնակիչները կես միլիոն դրամի վնաս են կրել
SOCIETYՏավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի կրակոցներից վերջին շաբաթվա ընթացքում 18 տուն է վնասվել, բնակիչներն ընդհանուր առմամբ կրել են կես միլիոն դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
«Հանձնաժողով կա, ամեն անգամ կրակոցներից հետո շրջում ենք ու մոտավոր գնահատում վնասի չափը: Վնասվել են տների տանիքները, պատուհանների ապակիները, դռներ: Բարեբախտաբար, խոշոր վնասներ չկան, ականները, որ ընկել են այգու մեջ, դրանց արձակած բեկորներից են պատուհաններն ու տանիքները վնասվել»,- ասաց Սամվել Սաղոյանը:
Գյուղապետը նշեց, որ նախորդ տարվա համամեմատ վնասի չափը, բարեբախտաբար քիչ է: Նախորդ տարի կառավարությունը վնասն ամբողջությաբ փոխհատուցել է, գյուղապետը վստահ է, որ այս տարի նույնպես կփոխհատուցվի:
Սամվել Սողոյանը նշեց, որ վնասների վերջնական չափի մասին դեռ խոսել չեն կարող, քանի որ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակել գյուղի ուղղությամբ: Վերջին կրակոցները եղել են նախորդ օրը երեկոյան, առավոտյան Չինարիում խաղաղ է եղել:



