Բակո Սահակյանը պարգևատրել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների
SOCIETYԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը պետական պարգեւներ է հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Իր խոսքում Բակո Սահակյանը շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին եւ նշել, որ այսօր մենք ունենք պատրաստված, արհեստավարժ, անձնվիրաբար իրենց պարտականությունները կատարող փրկարարներ ու հրշեջներ, իրենց գործին գիտակ մասնագետներ, ովքեր մյուս շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ միասին գործուն մասնակցություն են ունենում հանրապետական նշանակության միջոցառումների հաջող ու արդյունավետ անցկացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ եւս կանի հնարավորը արտակարգ իրավիճակների պետական ծառայության առջեւ ծառացած խնդրների լուծմանը, ծառայողների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն ըստ ամենայնի աջակցելու ուղղությամբ:



