«Ես միայն քթի վիրահատություն եմ կատարել». Տաթևիկ Ադումյանը` իրեն քննադատողներին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հայտնիները հաճախ են հայտնվում քննադատությունների կենտրոնում, որոնք վերաբերվում են ոչ միայն նրանց գործունեությանը, այլև արտաքինին: Այս անգամ քննադատությունների թեմա է դարձել դերասանուհի Տաթևիկ Ադումյանի արտաքին տեսքը:
«24-ամյա Տաթևիկ Ադումյանը պլաստիկ վիրահատություններից հետո 44-ամյա կնոջ տեսք է ստացել». նման վերնագրմամբ նյութում ասվում է, թե դերասանուհին մի քանի անգամ վիրահատել է քիթը, ականջները, նաև անդրադառնում են Տաթևիկի` շպարը չարաշահելուն:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Տաթևիկ Ադումյանի հետ, ով մեզ հետ զրույցում շեշտեց` ընդամենը մեկ անգամ է վիրահատել քիթն, այն էլ հարկադրված.
«Ես միայն քթի վիրահատություն եմ կատարել, ընդ որում` վիրահատությունը տևել է 3.5 ժամ, քանի որ ուղեղիս թթվածին չէր գնում ու ես չէի կարողանում շնչել, քթիս աջ կողմից բավականին մեծ ոսկոր է հեռացվել, իսկ ձախ կողմի խեցին լայնացած էր. Ես շնչառության լուրջ խնդիր ունեի ու վիրահատությունը անհրաժեշտ էր: Պաշտոնապես հայտարարում եմ` ընդամենը մեկ անգամ եմ քթի վիրահատություն կատարել, ուրիշ ոչ մի պլաստիկ վիրահատությունների չեմ ենթարկվել: Ինձ անգամ տեղեկություններ են հասել, թե շուրթերս եմ մեծացրել, ինչը ևս իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա ու ավելացրեց.
«Եթե առողջական խնդիրներ չունենայի, վստահաբար քթի վիրահատության էլ չէի դիմի, ինձ համար ծիծաղելի է ու նույնիսկ ամոթ, որ նման թեմաներ են քննարկում»:
Անդրադառնալով շպարվելուն` Տաթևիկը նկատեց. «Նախ ասեմ, որ առօրյայում ես չեմ շպարվում, քանի որ ոչ սիրում եմ, ոչ էլ դրա ժամանակն ունեմ: Շպարվում եմ, երբ նկարահանման կամ որևէ միջոցառման պետք է մասնակցեմ»:
Տաթևիկի հետ կապված նյութում նշվել էր նաև, թե դերասանուհին հաճախ է ընկերական շրջապատը փոխում, մասնավորապես նախկինում մտերիմ էր Անատի Սաքանյանի և Նանայի հետ, իսկ այժմ նրանց հետ այլևս մտերիմ չէ: Այս մասին խոսելիս Տաթևիկը հակադարձեց.
«Այս տեղեկությունները ևս իրականությանը չեն համապատասխանում. Իմ, Նանայի ու Անատիի մտերմությունը շարունակվում է»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



