Վարդենիկում լուսավորվում եւ ասֆալտապատվում են երկրորդական նշանակության փողոցները
SOCIETYԳեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղական բյուջեի միջոցների հաշվին լուսավորվում եւ ասֆալտապատվում են երկրորդական նշանակության փողոցները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, տ եղական միջոցներից ներդրված 15 միլիոն դրամի հաշվին երկրորդական նշանակության 5 փողոցներում կառուցվում է գիշերային լուսավորվածության ցանց: «Տեղադրվում է գիշերային լուսավորության 105 կետ՝ մոտ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Այս ծրագրի իրականացմամբ Վարդենիկ գյուղը գիշերները լինելու է լուսավորված գրեթե 90 տոկոսով: Մնացած 10 տոկոս լուսավորվածության ցանցի կառուցումը կավարտենք եկող տարվա ընթացքում»,-տեղեկացրեց Հովիկ Հովեյանը:
Տեղական միջոցներից հատկացված 50 միլիոն դրամի հաշվին ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն երկրորդական նշանակության 3 փողոցում: «Շինարարության մրցույթը հայտատարված է, շինարարը՝ ընտրված: Եղանակային պայմանների նպաստավոր լինելու դեպքում նոյեմբերից կարող ենք սկսել աշխատանքները, իսկ այլ դեպքում դրանք կսկսենք եկող տարվա ընթացքում: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր մակերեսը կազմելու է մոտ 7 հազար քառակուսի մետր»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարվա ընթացքում Վարդենիկի երկրորդական նշանակության փողոցներում եւ Բանավան թաղամասի զբոսայգում կատարվել են բարեկարգման աշխատանքներ, որոնց համար տեղական բյուջեի հատկացումները կազմել են 4,5 միլիոն դրամ:



