Ֆինանսների նախարարը միջին խավի ընդլայնման լավագույն միջոց է համարում տնտեսական աճի ապահովումը
SOCIETYՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ միջին խավի ընդլայնման համար պետք է ունենալ տնտեսական հիմքերի ուժեղացում և գործել այդ ուղղությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցո ւմ պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում է միջին խավի ընդլայնումը եկամտահարկը բարձրացնելու միջոցով, Արամյանն ասաց, որ եկամտային հարկի մասով վերաբաշխում է եղել:
«Եկամտային հարկի մասով մենք կատարել ենք վերաբաշխում: Այսինքն, ցածր եկամուտով մարդիկ, ովքեր 150 հազար դրամից ցածր աշխատավարձ են ստանում, ավելի քիչ բեռ կունենան, և այն մարդիկ, ովքեր ավելի բարձր շեմում են գտնվում, ավելի բարձր բեռ կունենան: Սա ընդունված կանոն է ամբողջ աշխարհում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Արամյանի խոսքով՝ միջին խավի ընդլայնման համար այլ ձևաչափ է պետք: Ըստ նրա, անհրաժեշտ է ուժեղացնել տնտեսական հիմքերը, աշխատել նոր աշխատատեղերի ստեղծման ու ներդրումների ներգրավման ուղղությամբ: «Ընդհանրապես, միջին խավին օգնության լավագույն միջոցը տնտեսական աճն է»,- նկատեց Արամյանը:



