Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ձերբակալվել է 40 հազար մարդ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո` հուլիսի 20-ից հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված օրենքներով ձերբակալվել է 40 հազար մարդ, 32 հազար մարդ կալանավորվել է:
Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle լրատվամիջոցը:
Աշխատանքից ազատվել է 93 հազար մարդ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով` փակվել է 984 մասնավոր դպրոց, 15 համալսարան, 1225 միություն, 104 հիմնադրամ և 35 հիվանդանոց: Երեք ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերից հեռացվել է 4 հազար 545 մարդ:
Ամենատուժած կազմակերպություններից է դարձել ազգային կրթության նախարարությունը: Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով աշխատանքից հեռացվել է 28 հազար 163 ուսուցիչ: Թուրքիայի բարձրագույն ուսուցման խորհուրդը հեռացրել է 577 դեկանի, 2 հազար 341 ակադեմիական մասնագետի:
Արտակարգ դրությունը բացասաբար է ազդել նաև լրագրողական ոլորտի ներկայացուցիչների վրա: Թուրքիայի լրագրողական համայնքի տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 100 լրագրող, 2 հազար 500 լրագրող մնացել է անգործ: 45 թերթ, 15 ամսագիր, 18 հեռուստաալիք, 23 ռադիո, 29 հրատարակչություն և 3 լրատվական գործակալություն փակվել է:
Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ` երկրում արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 3 ամսով: Արտակարգ դրությունը կերկարաձգվի հոկտեմբերի 19-ին ժամը 01.00-ից սկսած:



