ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարարի հետ
SOCIETYԼիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հոկտեմբերի 18-ին հանդիպեց Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Կողմերը քննարկեցին կրթության ոլորտում համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը՝ առանձնահատուկ կարևորելով ստորագրված համաձայնագրերի իրականացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնել պարբերական հանդիպումներ և նպատակային քննարկումներ՝ երկու երկրների միջև կրթական ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններին և լիբանանահայ համայնքի ակտիվ ու կառուողական դերակատարությանը, որը տեսանելի է երկրի բոլոր բնագավառներում: Նախարարը վերհիշեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով 2015թ.-ին Հայաստան կատարած իր այցը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի ներքաղաքական զարգացումներին:



