Անկարայում մահապարտ ահաբեկիչ է չեզոքացվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակում հայտնաբերվել և չեզոքացվել է «Իսլամական պետություն» խմբավորման մահապարտ անդամ, ով քաղաքում ահաբեկչություն էր նախապատրաստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանության աշխատակիցները գնացել են այն բնակարան, որտեղ բնակվում էր ԻՊ անդամը և պահանջել են հանձնվել: Ահաբեկիչը, սակայն, հրաժարվել է: Կողմերի միջև բախման հետևանքով նա սպանվել է:
Ահաբեկչի տանից մեծ քանակությամբ պայթուցիկ է հայտնաբերվել, որը զգուշությամբ դուրս է բերվել և չեզոքացվել է: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն Ադանայում ծնված և Դիարբեքիրի գրանցում ունեցող Ահմեթ Բ.-ն է, ով ծրագրել էր մարդաշատ վայրում ահաբեկչական գործողության շրջանակում պայթեցնել ինքն իրեն:



