Ալիևը մեկ շաբաթ առաջ հրապարակավ խոստովանել էր, որ Բաքվին հորդորում են ճանաչել ԼՂ անկախությունը. Տիգրան Բալայան
SOCIETYԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ ՌԻԱ Նովոստի գործակալության հետ հարցազրույցում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։
«Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես իրականությունը ոտքից գլուխ շուռ տալու, բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական անհաջող փորձ»,– նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ հստակեցնելով, որ հենց Ալիևի կողմից մեջբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ԼՂ ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։
«Ավելի լավ կլիներ, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինքնախաբեությամբ չզբաղվեր և թոզ չփչեր ադրբեջանական հասարակության աչքերին։ Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ղեկավարն արդեն հրապարակավ խոստովանել էր բանակցությունների իրական բովանդակության մասին՝ նշելով, որ Բաքվին հորդորում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,– նշել է Տիգրան Բալայանը։



