Սովի, չքավորության և կլիմայի փոփոխության խնդիրները անհրաժեշտ է լուծել համալիր. FAO
INTERNATIONAL NEWSՍովի, չքավորության և կլիմայի փոփոխության խնդիրները անհրաժեշտ է լուծել համալիր: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ամենամյա զեկույցում:
FAO-ի նոր ուսումնասիրության մեջ ներկայացված են տվյալներ գյուղատնտեսության և պարենային անվտանգության համար կլիմայի փոփոխության հետևանքների մասին, որոնք նկատվում են ներկայումս և սպասվում են ապագայում: Փորձագետները նշում են, որ կլիմայի փոփոխությունը գյուղատնտեսության և պարենային անվտանգության ոլորտի վրա անդրադառնում է արդեն հիմա և անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում նրանց թիվը, որոնց սպառնում են սովն ու չքավորությունը, միլիոններով կաճի:
Նշվում է, որ չքավորների թվի աճն առավել նկատելի կլինի Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, քանի որ այդ երկրների բնակչությունը մեծապես կախված է գյուղատնտեսությունից:
FAO-ի մասնագետների կարծիքով՝ պետք է վերանայել և միավորել կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության, պարենի և սննդի ոլորտներում քաղաքականության միջոցառումները, նաև անհրաժեշտ է կլիմայի ոլորտի ֆինանսավորումը կապել գյուղատնտեսության ֆինանսավորման հետ և այդ միջոցներն օգտագործել այդ ոլորտում վերափոխումներ իրականացնելու համար: Բացի դրանից՝ շատ կարևոր է փոքր գյուղարտադրողներին օգնել հարմարվել կլիմայի փոփոխությանը և ներդնել տնտեսվարման ավելի կատարելագործված մեթոդներ:



