Անգելա Մերկելը խոստացել է մեծացնել Աֆրիկայի երկրներին հատկացվող օգնության չափը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է մեծացնել Աֆրիկայի երկրներին հատկացվող օգնության չափը։ Կայուն զարգացումը բնակչության աղքատության եւ ահաբեկչության սպառնալիքի դեմ լավագույն բաղադրատոմսն է, հայտարարել է նա՝ Ադիս Աբեբայում ելույթ ունենալով Աֆրիկյան միության Անվտանգության խորհրդի շենքի բացման արարողության ժամանակ։ Գերմանիան 30 մլն եվրո էր հատկացրել շենքի շինարարության համար։
Օգնության չափի մեծացումը նպատակ ունի կրճատել փախստականների հոսքը ԵՄ, ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ Աֆրիկայի բարեկեցությունը համապատասխանում է ոչ միայն այդ մայրցամաքի, այլ նաեւ Գերմանիայի եւ Եվրոպայի շահերին։
Մերկելի խոսքով՝ շատ աֆրիկացիներ, հատկապես երիտասարդները, կյանքի համար վտանգավոր ճանապարհորդության են մեկնում՝ չիմանալով, թե ինչ է իրենց սպասում, եւ կարող են իրենք առհասարակ ողջ մնալ։ «Միջերկրական ծովում մարդկանց առեւտրին պետք է վերջ դրվի, մենք չենք կարող եւ իրավունք չունենք ապօրինի փոխադրումներով զբաղվող բանդաներին խաղալ ուրիշների կյանքի հետ»,– ընդգծել է Մերկելը, փոխանցում է DW–ն»։



