ՌԴ ԱԳՆ-ն Քերրիին զգուշացրել է «ռազմական հանցագործությունների» շուրջ խոսքերի հետեւանքների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում «Ռուսաստանի ռազմական հանցագործությունների» հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարություններն իրադրության սրում են, նման եզրույթների խաղարկումը վտանգավոր է, քանի որ ռազմական հանցագործությունների մասին պետք է խոսել ամերիկացիների պարագայում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Ջոն Քերրին Ռուսաստանին եւ սիրիական իշխանություններին մեղադրել էր մարտական գործողությունների ընթացքում «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ եւ հետաքննության կոչ արել:
«Քերրիի հայտարարությունը քարոզչություն է: Այդ տերմինաբանության հետեւում լուրջ իրավաբանական հետեւանքներ են կանգնած: Երբ խոսքը ռազմական հանցագործությունների մասին է, ամերիկյան ներկայացուցիչները պետք է Իրաքից սկսեն, հետո անցնեն Լիբիա, անպայման Եմեն՝ հասկանալու համար, ինչ է այնտեղ կատարվում: Ուզում եմ ասել, որ նման բառեր օգտագործելը շատ վտանգավոր է, քանի որ ամերիկյան ներկայացուցիչներն իսկապես ռազմական հանցագործությունների մասնակից են»,- ասել է դիվանագետը:



