Վրաստանի ԱԺ խոսնակը չի բացառել խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի հավանականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաղը՝ հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանի եւ Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններ են: Տեղամասերն ընտրողների առջեւ դռները կբացեն առավոտյան ժամը 08:00-ից եւ կգործեն մինչեւ 20:00-ն: Այս մասին գրում է Գրուզիա Օնլայնը:
Համամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարանի 77 եւ մեծամասնական ընտրակարգով՝ 73 պատգամավոր կընտրվի:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ «ելնելով ընտրական համակարգից եւ քաղաքական ուժերի միջեւ գոյություն ունեցող հավասարակշռությունից»՝ բազմաթիվ մեծամասնական ընտրատարածքներում հնարավոր է քվեարկության երկրորդ փուլի անցկացում, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի կարողանա առաջին փուլում 51% ձայն հավաքել:
Ուսուպաշվիլին չի բացառել, որ «նոր խորհրդարանի քաղաքական կազմը» հոկտեմբերի 8-ի ընտրությունների երեկոյան պարզ չի լինի, եւ հարկ կլինի սպասել մեծամասնական ընտրատարածքներում երկրորդ փուլի ավարտին:



