ՄԱԿ-ն Անկարային կոչ է արել իր գործողությունները համաձայնեցնել Բաղդադի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում թուրքական զինվորականների ներկայությունն ու նրանց գործողությունները պետք է ամբողջությամբ համաձայնեցվեն Բաղդադի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով Մոսուլի շրջանում թուրքական զորքերի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին Անկարայի որոշումը:
«Իրաքին ցանկացած օգնություն պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլ պետության ներքին գործերին չմիջամտելու մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հույս ունի, որ Թուրքիայի կառավարությունը կապահովի, որպեսզի Իրաքում բոլոր գործողություններն իրականացվեն Իրաքի կառավարության հետ լիարժեք համաձայնեցմամբ»,- ասել է Հակը:
Նա հիշեցրել է, որ Անկարան եւ Բաղդադը ստեղծված իրադրության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցություններ են անցկացրել: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել շարունակել երկխոսությունը եւ պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:



