Գերմանիայում ԻՊ անդամը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴյուսելդորֆի գերագույն դատարանը 23-ամյա Մարկ Բ-ին վեց տարվա ու ինը ամսվա ազատազրկման է դատապարտել՝ ԻՊ ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով, հայտնել է DW–ն։
Դատավճիռը հրապարակելիս՝ դատավորը հայտնել է, որ 2013 թ․ մարտին Մարկ Բ-ն մեկնել է Սիրիա, որտեղ այդ նույն տարվա հոկտեմբերին միացել է ԻՊ-ին։ 2014-ի դեկտեմբերին, նռնակի բեկորով վիրավորում ստանալով, նա Գերմանիա է ժամանել, սակայն շուտով նորից Սիրիա է մեկնել, որտեղ շարունակել է մարտնչել ԻՊ կողմից։ 2014թ․ սեպտեմբերին նա որոշել է վերջնականապես վերադառնալ Գերմանիա, ինչի համար անլեգալ հատել է Սիրիայի ու Թուրքիայի միջեւ սահմանը։ 2015-ի հունվարի կեսերին Մարկ Բ․-ին կալանավորել են Թուրքիայի իրավապահ մարմինները։
Պատժամիջոցը որոշելիս՝ դատավորները հաշվի են առել դատապարտյալի երիտասարդ տարիքը ու նրա վստահեցումները, որ ինքը հրաժարվել է հավատարմության երդում տալ ԻՊ-ին։ Մարկ Բ-ն նաեւ հերքում է իր մասնակցությունը ռազմական գործողություններին։



