Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը վերջնական է եւ անփոփոխ. Բունդեսթագի փոխնախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆԲունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի համոզմամբ` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը ճիշտ որոշում էր:
«Այո, Գերմանիայի խորհրդարանում մենք որոշեցինք առաջադրել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ շատ երկար քննարկումներից հետո այն ընդունեցինք: Ըստ իս` դա մի քայլ էր դեպի ճշմարտություն, իսկ ճշմարտությունն էլ մեկ քայլ առաջ է դեպի խաղաղություն, այսինքն` սա խաղաղության հասնելուն միտված քայլ էր: Արդեն շուրջ 100 տարի է անցել. կարծում եմ` արդեն ժամանակն էր դա անելու: Մենք կկարողանանք գնալ դեպի ապագա, եթե հիշենք անցյալը: Դա անհրաժեշտություն է»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բունդեսթագի փոխնախագահը:
Մեր հարցին, թե ինչ է կարծում բանաձեւի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքի մասին հատկապես վերջին զարգացումներից հետո, երբ Թուրքիան պահանջել էր Գերմանիայից հետքայլ կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից, նա պատասխանեց. «Գերմանիայի խորհրդարանում կայացրած մեր որոշումը վերջնական է, եւ մենք չենք փոխելու այն»:
Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց
«Օսմանյան կայսրությունում 101 տարիառաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը:



