Հայաստանում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը ներկայացվել է Բալկանյան փաստաբանական կառույցներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 4-ին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարայեվոյում մասնակցել է Իրավունքի գերակայության Բալկանների տարածաշրջանային ցանցի (BRRLN) հերթական հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի ծառայությունից:
Հանդիպման հիմնական նպատակներից էր քննարկել Բալկանյան երկրներում անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմները, փաստաբանների շարունակական ուսուցման զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:
Միջոցառման օրակարգային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործունեության հաջողված փորձի ներկայացումը:
Արթուր Հովհաննիսյանը գործընկերներին ներկայացրել է պետության կողմից երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման մեխանիզմները Հայաստանում, այդ ուղղությամբ առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները, հանրային պաշտպանի գրասենյակի կառուցվածքը, ֆինանսավորումը, հանրային պաշտպանների ընտրության ընթացակարգը, «էլեկտրոնային հանրային պաշտպան» ծրագիրը: Ներկաների խնդրանքով նա մանրամասնել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատանքի առանձնահատկությունները:
Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի օրինակները հետաքրքրության են արժանացել Բալկանյան փաստաբանական կառույցների ղեկավարների շրջանում:
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ փաստաբանների պալատի և Բալկանյան հինգ երկրի փաստաբանական կառույցների միջև հնարավոր համագործակցության եզրերը:
BRRLN-ի կազմում են Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Ալբանիայի, Մակեդոնիայի և Կոսովոյի փաստաբանական կառույցները:



