Գերմանիան ջանքեր է գործադրում ԼՂ հարցով բանակցային գործընթացի վերականգնման նպատակով. դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան վճռականորեն սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:Այդ մասին report.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Կինդսգրաբը:
«Մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, գործադրում ենք բոլոր ջանքերը բանակցային գործընթացի վերականգնման համար»,-ընդգծել է դիվանագետը:
Կինդսգրաբը հիշեցրել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի` որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկրի ներկայացուցչի Երևան և Բաքու կատարած այցերը:
«Այդ ընթացքում նախարարը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` աջակցելու հակամարտության կարգավորմանը: Ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է: Մենք մշտական կապի մեջ ենք կողմերի հետ բանակցային գործընթացի վերականգնման համար` նպատակ ունենալով հասնել խաղաղ կարգավորման»,- ասել է դեսպանը` ավելացնելով, որ աշխատում են նաև լարվածության թուլացման ուղղությամբ:



