Քերրի. ԱՄՆ-ն Սիրիայում հրադադարի հասնելու փորձերը կշարունակի նաեւ ՌԴ-ի հետ շփումները դադարեցնելուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները Սիրիայում հրադադարի հասնելու փորձերը կշարունակի նաեւ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով ՌԴ հետ համագործակցության դադարեցումից հետո:DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին Բրյուսելում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ առճակատման վերջնական դադարեցմանը նպաստող պայմաններից մեկն է համարում հակամարտության որոշ շրջաններում ռուսական եւ սիրիական ավիացիայի թռիչքների արգելքը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու՝ Մոսկվայի որոշումը Քերրին «անպատասխանատու եւ անխոհեմ» է համարել:
Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումների դադարեցման մասին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է հոկտեմբերի 3-ին: Վաշինգտոնի որոշման պատճառը ձեռք բերված համաձայնություններին եւ պարտավորություններին հետեւելու ՌԴ անընդունակությունն է:
Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանի վրա բարդել Սիրիայի հարցով համաձայնագիրը չկատարելու իր պատասխանատվությունը:



