Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին ծննդյան օրվա առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մտավորականի ու քաղաքացու Ձեր` իրադարձություններով հարուստ կյանքն անխզելիորեն կապված է հայրենիքի ու ժողովրդի կենսագրությանը: Թե գրական ու լրատվական դաշտում, որտեղ այսօր էլ գտնվում եք գնահատելի բարձրության վրա, եւ թե հասարակական ու քաղաքական, այդ թվում` երկարամյա պատգամավորական գործունեության ընթացքում Դուք մշտապես առաջնորդվել եք երկրի շահով` անմիջականորեն զգալով նրա զարկերակը, երբեք անտարբեր չմնալով հայրենիքի ճակատագրին առնչվող որեւէ երեւույթի կամ իրավիճակի հանդեպ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական ոգեւորություն եւ ամենայն բարիք»:



