«Մալակաս» թայֆունը Խափանել է Թայվանի ավիահաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մալակաս» թայֆունը, որը շաբաթ օրը մոտեցել է Թայվանին, խափանել է կղզու ավիահաղորդակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությանը:
Տեղեկությունների համաձայն՝ Թաոյուան միջազգային օդանավակայանում, որը Թայվանի ամենածանրաբեռնված օդանավակայաններից է, չեղարկվել է 39 ավիաչվերթ, 25 ավիաչվերթ հետաձգվել է: Հաղորդվում է, որ ավիահաղորդակցության խափանման հետեւանքով տուժել են 12 հազարից ավելի ուղեւորներ: Բացի այդ, չեղարկվել են չորս բեռնատար չվերթներ: Ընդհանուր առմամբ, թայֆունի հետեւանքով կղզում չեղարկվել են 143 ներքին չվերթներ:
Գործակալության հաղորդմամբ՝ օրվա երկրորդ կեսին թայֆունը գրանցվել է Թայվանից 140 կմ արեւելք եւ շարժվել է 12 կմ/ժամ արագությամբ: Օդերեւութաբանների տվյալներով՝ թայֆունի առավելագույն արագությունը հասնում է 162 կմ/ժամի:



