ԴԱԻՇ-ի զինյալները Հալեպի հյուսիսում կիրառել են քիմիական զենք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական հարձակման են ենթարկել Հալեպի շրջանի հյուսիսային Հիրբել և Իմ-Հուշ բնակավայրերը, որի արդյունքում թունավորվել է ութ մարդ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քրդական աշխարհազորին:
Գնդակոծումը գրանցվել է ուրբաթ առավոտ, Սիրիայում հրադադարի ռեժիմի ժամանակ: «ԴԱԻՇ-ը գնդակոծել է Իմ-Հուշ և Հիրբել բնակավայրերը քիմիական նյութեր պարունակող արկերով: Տուժել է հինգ խաղաղ բնակիչ և «Ջեյշ Աս-Սիվար» խմբավորման երեք զինյալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` Աֆրին քաղաքի հիվանդանոցի բժիշկները, որտեղ հասցվել են տուժածները, հայտնել են, որ մարդիկ կորցրել են գիտակցությունը գնդակոծումից երկու ժամ անց: «Հիվանդների մարմինների վրա կան թունավոր քիմիական նյութերի հետքեր, քաղաքացիները մինչև այժմ գտնվում են անգիտակից վիճակում»,- նշել է նա:



