Բաթումում ներկայացվել են հայկական ազգային ուտեստներն ու խմիչքները
ՄՇԱԿՈՒՅԹ
Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը մասնակցել է Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողների կողմից կազմակերպված ազգային ուտեստների և համապատասխան երկրների ներկայացման շնորհանդեսին: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը, որը կազմակերպվել էր առաջին անգամ, կրում էր «Միասնությունը բազմազանության մեջ է» խորագիրը:
Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի արտասահմանցի ուսանողները` ներկայացնելով իրենց երկրների ազգային ուտեստներն ու խմիչքները: Հայազգի շուրջ երկու տասնյակ ուսանողներին ազգային սեղանի պատրաստման գործում աջակցել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ու հայ համայնքը` հոգևոր հովվի առաջնորդությամբ:
Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորել է նման միջոցառումները՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, ազգային մշակույթների մերձեցման ուղիով առավել փոխըմբռնման հասնելու առումով: Նա համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն և վերաճեն նաև բարեգործական ակցիաների:




















































