Միքայել Մելքումյանը կարևորում է ԸՕ-ի շուրջ իշխանության և ընդդիմության համաձայնությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ իշխանության և ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև ձեռք բերված համաձայնությունը: Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորն ընդգծեց, որ շատ կարևոր է այն հանգամանքը, որ իշխանությունները վերջապես համաձայնել են ստորագրված ցուցակները հրապարակելու ընդդմության պահանջին:
«Իսկապես շատ կարևոր է ընտրական ցուցակների հրապարակման վերաբերյալ կայացած համաձայնությունը: Սակայն այդ դեպքում առաջ է գալիս մի լուրջ խնդիր, որը մենք պետք է կարգավորենք, որպեսզի կարողանանք գործընթացն արդյունավետ իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մելքումյանը:
Նա մանրամասնեց, որ ցուցակների հրապարակման դեպքում, եթե, օրինակ, բոլոր 2000 ընտրատեղամասերից բողոքներ լինեն ընտրակեղծարարության վերաբերյալ, հարուցվեն քրեական գործեր, դատական գործընթացը կարող է շատ երկար տևել՝ հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգում տիրող վիճակը: «Դրա համար մենք պետք է գտնենք ուղիներ, որպեսզի նման դեպքերում արագացված դատական գործընթացներ լինեն, որպեսզի հնարավոր լինի սեղմ ժամկետներում ավարտվել հարուցված քրեական գործերի քննությունը»,- ասաց պատգամավորը:



