Գլխավոր դատախազի թեկնածուն Անդրիաս Ղուկասյանի կալանավորումը հիմնավոր և իրավաչափ է համարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և խափանման միջոցը իրենց հիմքում ունեն բավարար իրավական հիմնավորումներ: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Անդրիաս Ղուկասյանը ներկայումս քննարկվող քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ իրականացված և՛ քրեական հետապնդումը, և՛ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը իրենց հիմքում ունեն բավարար իրավական հիմնավորումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավթյանը:
Նա հավելեց, որ Ղուկասյանի արարքներին գնահատական է տրվել բացառապես քրեաիրավական և քրեադատավարական օրենքներով սահմանված կարգով:



