Գերմանիայի ԱԳՆ-ն ռուս գործընկերներին մեղադրել է ստելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարությունում կտրականապես հերքել են ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունները, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանի Հանչժոում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովում ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում բուլղարացի եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիեւայի առաջադրման մասին:
«Պաշտոնական մակարդակով օբյեկտիվորեն սուտ տեղեկությունների տարածումը անբարյացակամ գործողություն է»,- սեպտեմբերի 12-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, փոխանցում է DW-ն:
ՄԱԿ-ի նոր ղեկավարի ընտրությանը Գերմանիայի միջամտության վերաբերյալ մեղադրանքները հերքել է նաեւ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Նա ընդգծել է, որ այս պահին այդ պաշտոնին հավակնում են 10 թեկնածուներ, եւ Գեորգիեւան նրանց թվում չէ: Նախօրեին Բուլղարիայի լրատվամիջոցներում հրապարակումներ էին հայտնվել, որ Մերկելն իբրեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել է աջակցել Գեորգիեւայի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործող ղեկավար Իրինա Բոկովայի փոխարեն, որին 2016-ի փետրվարին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է առաջադրել ՄԱԿ-ում Բուլղարիայի մշտական ներկայացուցչությունը:
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Բեռլինն իբր ցանկացել է ազդել Մոսկվայի դիրքորոշման վրա, եւ հավելել է, որ այդ փորձերն ապարդյուն են եղել: Գերմանական կողմը պնդում է, որ G20-ի գագաթնաժողովում Գերմանիայի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ այդպիսի խոսակցություն չի եղել:



