Անվանի թատերագիր Ժորա Հարությունյանն այսօր կդառնար 88 տարեկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմերի մի ամբողջ շարք («Հարսնացուն հյուսիսից», «Ոսկե ցլիկը», «Խոշոր շահում», «Ձախորդ Փանոսը», «Շրթներկ համար 4») նկարահանվել է անվանի թատերագիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժորա Հարությունյանի պիեսների հիման վրա: «Ա րմենպրես»-ի փոխանցմամբ, տաղանդաշատ գրողը ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 7-ին: Սովորել է Երևանի բժշկական ինստիտուտում, սակայն կյանքը նրա համար այլ ուղի էր նախապատրաստել: Սիրված թատերագիրը 1969-1995 թթ. աշխատել է որպես ՀԳՄ գրական ֆոնդի տնօրեն: Նա հիանալի դրամատուրգ էր, որի պիեսները բեմադրվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր թատրոններում: «Սրտի արատ» կատակերգությունը, որի ռեժիսորը Վարդան Աճեմյանն էր, բեմադրվել է Գ. Սունդուկ յանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ժորա Հարությունյանն արժանացել է ՀՀ պետական, ՀԳՄ Գաբրիել Սունդուկյանի անվան և բազմաթիվ այլ մրցանակների:
Հարությունյանի պիեսներին բնորոշ են կյանքի հրատապ խնդիրների արծարծումը, կատակերգական ցայտուն իրավիճակները: Նա վեր է հանել ժամանակակից իրականության սոցիալական և մարդկային հարաբերությունների ստվերոտ կողմերը՝ դրանց հակադրելով ազգային բարոյականության ավանդներն ու հոգևոր արժեքները:
Ժորա Հարությունյանը կյանքից հեռացել է 2002թ.՝ մեզ թողնելով անփոխարինելի և անգնահատելի ժառանգություն:





