ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ երեք բալիստիկ հրթիռի արձակումը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունում:
Վերջին ամիսներին սովորական երեւույթ դարձած հրթիռների արձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի քանի բանաձեւեր, որոնք Հյուսիսային Կորեային արգելում են բալիստիկ հրթիռների տեխնոլոգիա օգտագործել:
«Մենք մտադիր ենք մեր անհանգստությունը հնչեցնել ՄԱԿ-ում, ինչպես նաեւ առաջիկա Արեւելաասիական գագաթաժողովի ընթացքում՝ միջազգային հանրությանը կոչ անելով սադրիչ գործողությունների համար պատասխանատվության կանչել Հյուսիսային Կորեային: Մենք Փհենյանին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կուժեղացնեն լարվածությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ստանձնած միջազգային պարտավորություններն իրականացնելու համար»,- ասված է Քիրբիի հայտարարությունում:



