Եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է բանախոսություն «Հայաստանի Հանրապետության շուրջ ձեւավորված անվտանգային միջավայրը խորագրով», որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջեւ ծառացած ռազմական սպառնալիքներին եւ դրանց դիմագրավման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած պաշտպանական քաղաքականությանն ու իրականացվող ռազմական ռազմավարությանը:
Դավիթ Տոնոյանը խոսել է նաեւ ս.թ. ապրիլի 1-ից 5-ը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների եւ Հայաստանում իրականացվող պաշտպանական վերափոխումների մասին, պատասխանել է հյուրերին հետաքրքրող այլ հարցերին:



