ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների մակարդակն անվտանգության ոլորտում չի նվազել. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ եւ Թուրքիայի հարաբերությունների մակարդակն անվտանգության ոլորտում չի նվազել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CNN-ի հետ հարցազրույցում, որը եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 4-ին:
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերներից մեկը մնալ անվտանգության ոլորտում: «Մենք համատեղ ենք աշխատում՝ «Իսլամական պետությանը» հաղթելու համար»,- նշել է Օբաման՝ ավելացնելով, որ Թուրքիան «կարեւոր գործընկեր է տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում»:
«Անկասկած, Թուրքիան բախվել է քաղաքական եւ քաղաքացիական ցնցումների ու վերականգնվելու անհրաժեշտություն ունի: Եվ կարեւոր է, թե ինչպես կվերականգնվի: Մենք ընդգծում ենք, որ աջակցում ենք թուրք ժողովրդին, բայց ինչպես ցանկացած լավ ընկեր, պարտավոր ենք ազնվորեն ասել, եթե այնպիսի քայլեր է ձեռնարկում, որոնք հակասում են մեր երկարաժամկետ շահերին եւ գործընկերությանը»,- նշել է Օբաման՝ խոսելով պետական հեղաշրջման փորձի եւ հետագա զարգացումների մասին:



