Ճապոնիայում աճում է «Մինդուլ» թայֆունից տուժածների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայում «Մինդուլ» թայֆունից տուժածների թիվը հասել է 67-ի, զոհվել է մեկ մարդ: Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել է ազգային օդերեւութաբանական գործակալությունը, ներկայում տարերքը մոլեգնում է Հոկայդո հյուսիսային կղզում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Առնվազն 21 հազար բնակիչների հանձնարարվել է տարհանվել պատսպարաններ եւ հնարավորինս փողոց դուրս չգալ: Այս նախազգուշացումը վերաբերվում է ոչ միայն Հոկայդոյին, որտեղ այժմ մոլեգնում է տարերքը, այլեւ Ֆուկուսիմա, Սայտամա եւ Կանագավա պրեֆեկտուրաներին, որոնց տարածքով թայֆունն անցել է ավելի վաղ: Այնտեղ առանձին շրջաններ մինչ այժմ ջրածածկ են, իսկ էլեկտրահաղորդման գծերի խզման հետեւանքով առանց լույսի է մնում 28 հազար տուն:
Նախօրյակին Ճապոնիայի կենտրոնական մասում անբարենպաստ եղանակի պատճառով չեղյալ էին հայտարարվել 500-ից ավելի ավիաչվերթներ, այդ թվում՝ միջազգային: Մի շարք շրջաններում խախտվել էր երկաթուղային հաղորդակցությունը: Ապաստարաններ տեղափոխվելու հանձնարարություն էր ստացել ավելի քան կես միլիոն մարդ: Որոշ տարածաշրջաններում տեղումների ինտենսիվությունը հասնում էր ժամում 120 միլիմետրի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



