Վերաքննիչ դատարանը մերժել է զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ին գրաված զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Թորոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: «Գրավի միջնորդություն չի եղել, քանի որ առաջին ատյանի դատարանում նա պաշտպան չի ունեցել: Այնտեղ գրավ չէր միջնորդվել, հիմա մենք գրավի առանձին միջնորդությամբ կդիմենք դատարան»,- հայտնեց փաստաբանը:
Թորոս Թորոսյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը):



