Վանաձորում կապույտ հազի երկու դեպք է գրանցվել, այդ թվում՝ հղի կնոջ մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում կապույտ հազի երկու դեպք է գրանցվել, հիվանդներից մեկը հղի կին է, մյուսը՝ նրա 7 տարեկան երեխան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի խոսքով՝ հիվանդությունը երեխայից է փոխանցվել մորը, իսկ պատճառը երեխայի պատվաստված չլինելն էր:
«Ծնողները հրաժարվել էին պատվաստել երեխային, ինչի արդյունքում երեխան հիվանդացել էր կապույտ հազով: Եվ քանի որ ինֆեկցիան փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մայրը նույնպես վարակվել էր երեխայից»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ վտանգ կա, որ հղի կինը կարող է կորցնել երեխային: Վերջինս ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրենի խոսքով՝ սա կապույտ հազի առաջին դեպքն է Լոռիում վերջին մի քանի տարիների ընթացքում:



