Ինդոնեզիայի իշխանություններն արգելել են փրկագին վճարել ահաբեկիչների կողմից առեւանգված պատանդների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիայի իշխանություններն ընկերություններին արգելել են փրկագին վճարել իրենց այն աշխատակիցների համար, որոնք Ֆիլիպինների հարավում գործող «Աբու Սայաֆ» ահաբեկչական կազմակերպության կողմից պատանդ են վերցվել, հայտնում է The Jakarta Post թերթը:
«Եթե կառավարությունը որոշել է բանակցությունների չգնալ եւ չվճարել ծայրահեղականներին, ոչ ոք չպետք է ինքնուրույն անի դա, որովհետեւ ահաբեկիչները մշտապես կօգտվեն դրանից», - երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Գատոտա Նուրմանտիոյին է մեջբերում պարբերականը:
Նրա խոսքով, Ջակարտան եւ Մանիլան «Սուլուի ծովի ավազանում հանցավոր գործունեության վերացման ամուր մտադրություն ունեն», այդտեղ այս տարի «Աբու Սայաֆի» գրոհայինները մի քանի անգամ հարձակվել են ինդոնեզական եւ մալայզիական նավերի վրա` պատանդներ վերցնելով: Բացի այդ, գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ «կողմերը կշարունակեն երկրի գերի ընկած քաղաքացիների ազատագրման գործողությունը»:
Միաժամանակ օգոստոսի 15-ին սպառվել է ավելի վաղ ծայրահեղականների կողմից առաջ քաշված վերջնագրի ժամկետը, նրանք պահանջել էին փրկագին վճարել ինդոնեզացի ինը նավաստու համար: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, գումարը մոտ 4,6 մլն դոլար է կազմում:



