Իրանը չեղարկել է դեպի Թուրքիա տուրիստական այցերի արգելքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտնել է դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների կազմակերպման արգելքը հանելու մասին, ասվում է նախարարության կայքում:
Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Քասեմիի խոսքով, կողմերը կառուցողական և մանրամասն բանակցություններ են ունեցել մի քանի ուղղություններով, այդ թվում` բարձրացվել են տարածաշրջանային և միջազգային խնդիրները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում 2 երկրների համար:
«Հաշվի առնելով թուրքական կողմի հայցը, որը վերաբերում է Իրանից Թուրքիա տուրիստական ուղևորություններին, և դրանում Թուրքիայի հետաքրքրվածությանը, Իրանը չեղարկում է դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների արգելքը»,- հայտարարել է Քասեմին:
Իրանը դադարեցրել էր ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո:



