Երեւանում կա քանդման ենթակա տասը շենք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇրջելով Երեւանի տարբեր փողոցներով` հաճախ հանդիպում ենք մարդկանց դժգոհություններին` կապված վթարային շենքերի հետ: Բնակիչներից շատերը մտահոգ են վթարային շենքերում բնակվող և աշխատող մարդկանց կյանքերի համար:
Հասկանալու համար, թե քանդման ենթակա քանի շենք կա Երեւանում, Orer.am-ը դիմեց Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից տեղեկացրեցին, որ Երեւանում կա 4-րդ կարգի վթարայնության տասը շենք: Դրանցից են` Հալաբյան 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որը կառուցվել է 1961 թվականին, Սիսակյան 3 հասցեում գտնվող հինգհարկանի շենքը` հանրակացարանը, Բաղրամյան 4-րդ նրբանցքում գտնվող երեք հարկանի բազմաբնակարան շենքը, Բրյուսովի 66 հասցեում գտնվող հինգհարկանի բազմաբնակարան շենքը, Տիգրան Մեծի 47 հասցեում գտնվող երկու հարկանի բազմաբնակարան շենքը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության` Հովսեփյան 26 հասցեում գտնվող խմբագրատան շենքը (չի գործում 2001 թվականից), ինչպես նաեւ արհեստանոցը, պահեստը, ճաշարանը (չի գործում 1991 թվականից):
Պարզվում է, որ իրականում քանդման ենթակա շենքերի թիվն այդքան էլ շատ չէ, այնուամենայնիվ, դրանք շարունակում են իրենց գոյությամբ վտանգ ներկայացնել մեր համաքաղաքացիների համար:
Սոսե Չանդոյան



