Թուրք զինվորական սպան ԱՄՆ–ում ապաստան է փնտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք զինվորական սպան ԱՄՆ–ում ապաստան է փնտրում այն բանից հետո, երբ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո նրան հետ էին կանչել Անկարա, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրները։
Գործակալության տեղեկություններով՝ հեղաշրջման փորձից հետո սա ԱՄՆ–ում բնակվող թուրք սպայի մասնակցությամբ առաջին հայտնի միջադեպն է։ Գործակալությունը հայտնում է, որ սպան աշխատում էր Վիրջինիայի նահանգի Նորֆոլկ քաղաքում ՆԱՏՕ–ի գրասենյակում։
Նրա անունն ու կոչումը չեն հաղորդվում։ Այդուհանդերձ ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ կոնտրադմիրալ Մուստաֆա Ուղուրլուն անհետացել է այն բանից հետո, երբ նրան կալանավորելու օրդեր էին տվել։
«Հուլիսի 22-ին նա թողել իր փաստաթղթերը ռազմաբազայում, որից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չի լսել»,– ասել է դիվանագիտական աղբյուրը։
Դրանից բացի, պարզվել է, որ ԱՄՆ–ից Թուրքիա է կանչվել եւս 2 սպա, որոնց, սակայն, կալանքի օրդեր չեն տվել։ Նրանցից մեկն արդեն ժամանել է Թուրքիա, մյուսը կմեկնի մոտ ժամանակներս։



