Առանց Ռուսաստանի մասնակցության սիրիական կարգավորումն անհնար է․Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությունը շատ կարևոր է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին նա պատմել է ТАСС-ին տված հարցազրույցում՝ Ռուսաստան կատարած իր այցի նախօրեին։
«Առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է գտնել սիրիական հակամարտության խնդրի լուծումը։ Միայն Ռուսաստանի հետ համագործակցության դեպքում մենք կարող ենք կարգավորել Սիրիայում տիրող ճգնաժամը»,- ասել է Էրդողանը։
Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները «երկու երկրների միջև հարաբերություններում նոր էջ կբացեն»։ Նա խոսել է նաև Եվրամիության հետ հարաբերությունների մասին։
«Եվրամիությունը չի կատարում Թուրքիային տված իր խոստումներն ու 53 տարի շարունակ հիմարի տեղ է դնում նրան»,- հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական գագաթնաժողովից առաջ Անկարայի ու Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Էրդողանը խստորեն կասեցրել է ԵՄ ներկայացուցիչների՝ Թուրքիայում հեղաշրջման ճնշումից հետո մարդու իրավունքների խախտումների մասին հարցի բարձրացումը։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Բրյուսելին վերջնագիր է առաջադրել․եթե ԵՄ-ը մինչև հոկտեմբերի կես Թուրքիային չտրամադրի առանց վիզայի մուտքի ռեժիմ, փախստականների հարցով համաձայնությունը կարող է չեղարկվել։



