Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացված Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև եռակողմ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոուհանի հանդիպումը։
«Բաքվում կիրակի օրն անցկացված պաշտոնական հանդիպման արարողությունից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հանդիպումը։ Սպասվում է ընդլայնված ձևաչափով հանդիպում»,- հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Հասան Ռոուհանին կայանալիք եռակողմ բանակցությունները «շատ կարևոր» է անվանել։
«Նման ձևաչափով բանակցություններ անց են կացվելու առաջին անգամ։ Դրանք բավականին կարևոր են թե՛ հարևան երկրների համագործակցության, և թե՛ մերձարևելյան ու կովկասյան տարածաշրջաններում կայունության ամրացման գործում։ Նախատեսված են եռակողմ և երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի տարածաշրջանային համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերի վրա»,- նշել է Ռոուհանին։



