Ավստրիացի գործիչը Թուրքիայի հեղաշրջման փորձը համեմատել է Ռայխստագի հրդեհի հետ, իսկ Էրդողանին` Հիտլերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ձախողված հեղաշրջումն ու նախագահ Էրդողանի կողմից պետական ինստիտուտների հետագա զտումները հիշեցնում են Ռայխստագի հրդեհը Նացիստական Գերմանիայում և դրա օգտագործումը Հիտլերի կողմից` ավելի մեծ իշխանություն ձեռք բերելու համար:
Reuters-ի փոխանցմամբ` նման կարծիք է հայտնել Ավստրիայի Ազատություն ծայրահեղ աջական կուսակցության առաջնորդ Հանս Քրիստիան Ստրաչեն:
«Գերմանիայի խորհրդարանում 1933-ին բռնկված հրդեհը նացիստների կողմից ներկայացվեց որպես կոմունիստների դավադրություն կառավարության դեմ և այն օգտագործվեց արդարացնելու քաղաքացիական ազատությունների վերացումը», - ասել է ավստրիացի գործիչը` զուգահեռներ տանելով այդ իրադարձության և հուլիսի 15-ի թուրքական չստացված հեղաշրջման միջև:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կազմակերպված հեղաշրջման փորձն ուղղված էր Էրդողանի նախագահական բռնապետությունը հնարավոր դարձնելու համար», - ասել է ավստրիացին Die Presse թերթին տված հարցազրույցում:



