«Ժողովուրդ». Դիմորդների թիվը համալրելու համար ատեստատի տվյալներով ուսանողներ են ընդունվում ԲՈՒՀ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վերջին տարիներին Հայաստանի ԲՈՒՀ-երի դիմորդների թվի անընդհատ անկումը դարձել է սովորական երևույթ։ ԲՈւՀ-երը սկսել են տարբեր ուղիներ փնտրել՝ իրենց ուսանողների թիվը համալրելու համար։ Մասնավորապես, ինչպես պարզեց «Ժողովուրդ»–ը, Հայաստանի պետական ագրարային ինստիտուտի որոշ բաժիններում ուսանողներ են ընդունում՝ առանց բարդությունների և քննություն հանձնելու։ Այս առիթով «Ժողովուրդ»–ը զրուցեց ինստիտուտի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները և այդ հանգամանքը հետևյալ կերպ պարզաբանեց. «Դա Կառավարության հատուկ որոշմամբ է եղել։
Բացառության կարգով ատեստատի տվյալներով ուսանողներ են ընդունվել, որը նախորդ տարում է գործել։ Իսկ դիմորդների նվազումը համընդհանուր բնույթ է կրում»։ Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երևանի պետական կոնսերվատորիայում ևս դիմորդների «դեֆիցիտ» է եղել, և առանձին բաժիններում դիմորդներն այնքան քիչ են եղել, որ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը ներքին կարգով հրահանգել է ոչ մեկին «դուրս չթողնել», և բոլոր դիմածներն ընդունվել են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



