Էրդողանը հետ է վերցրել ընդդիմադիրների դեմ դատական հայցերը, բացի քրդամետներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետ է վերցրել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների դեմ ներկայացված հայցերը: Այս մասին տեղեկա ցնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարություն էր արել` ասելով. «Ներում եմ իմ հասցեին անարգալի ելույթներ, հայհոյանքներ հնչեցրած բոլոր անձնաց և հրաժարվում նրանց դեմ բացված գործերից»: Այս հայտարարությունից հետո նրա փաստաբան Հուսեյն Այդընը գործընթաց է սկսել դատարաններում հարուցված գործերը հետ վերցնելու հետ կապված: Այդընը հայտնել է նաև, որ Էրդողանի «ներումը» չի վերաբերվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը:
Ի պատասխան Էրդողանի նման քայլի` Հանրապետական ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն ևս որոշել է ամբողջությամբ հետ վերցնել Էրդողանի դեմ ներկայացված դիմումները: Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը հայտնել է, որ դիմումները հետ վերցնելու գործընթացը կավարտվի շատ սեղմ ժամկետներում:



