Ներդրողները կարող են շարունակել իրենց գործունեությունը նախկին վստահությամբ. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում արտակարգ ռեժիմի սահմանումն ուղղված է ժողովրդավարացման գործընթացի արագացումն ապահովելուն։ Դա օրենքների արագացված հրապարակման և դրա հետ մեկտեղ կառույցները, պետությունը Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական կազմակերպությունից» և այլ ահաբեկչական կազմակերպություններից արագացված մաքրելու գործընթաց է։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ՝ փոխանցում է Anadolu գործակալությունը։
«Այդ վիրուսը ճյուղավորում է տվել։ Այն կարող է տարածվել այնտեղ, որտեղ մենք չենք սպասում։ Սակայն մենք պետք է նվազագույնի հասցնենք այն։ Նրանք շատ լավ են թաքնվում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ կան որոշակի պահեր, որոնք դառնում են շահարկման առարկա, իբրև թե տնտեսությունը փլուզվում է։ «Տնտեսությունը չի փլուզվում»,- ասել է նախագահը։
Էրդողանը խոստացել է միջոցառումներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր արդարանալով արտակարգ դրության սահմանմամբ՝ բարձրացնում են որոշ ապրանքների գները։
«Բոլոր ներդրողները կարող են շարունակել իրենց գործունեությունը նախկին վստահությամբ։ Պետությունն իր կողմից կշարունակի ենթակառուցվածքային ներդրումների իրականացումը»,-վստահեցրել է նա։



